ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
18 Նոյեմբերի 2023, 20:30
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ժամանել են Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այնտեղ պատվիրակներին սպասում էին ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք «shame on you» (ամոթ) էին վանկարկում։
Պատվիրակներից մի քանիսը կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։
«Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել են ռեժիմի դեմ»,- բարձրախոսով հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Երևանի կենտրոնում, որպեսզի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 300 պատվիրակները հասկանան, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, իսկ Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչները Բաքվի բանտերում են ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ։