Երուսաղեմի եկեղեցիները զգուշացնում են` վերաբնակիչները փորձում են տիրանալ հայկական թաղամասի հողերին. Al Jazeera

19 Նոյեմբերի 2023, 11:40

Հայեր | Քաղաքականություն

Եկեղեցու առաջնորդները մտահոգված են օկուպացված Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասում զգալի տարածք գրավելու՝ իսրայելցի վերաբնակիչների փորձերով։ News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցու առաջնորդներն ասում են, որ իրենց անհանգստացնում է «Սուրբ երկրում քրիստոնյաների ներկայության վտանգը», այն բանից հետո, երբ իսրայելցի կառուցապատողը, որը ինքը վերաբնակիչ է, փորձել է բռնի միջոցներով վերահսկողություն հաստատել վիճելի հողի վրա:

Կառուցապատողը պահանջներ է ներկայացնում այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Հայոց պատրիարք Նուրխան Մանուկյանի հետ գործարք է կնքվել։ Հորդանանն ու Պաղեստինը Մանուկյանին զրկել են պատրիարքական կարգավիճակից՝ անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքների պատճառով։ Այդ ժամանակվանից Հայոց պատրիարքարանը դուրս է եկել համաձայնագրից:

Հաղորդվում է, որ անշարժ գույքի գործարքը վերաբերում է մեծ հողատարածքին, որը կազմում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի ընդհանուր տարածքի 25 տոկոսը։ Եկեղեցիները դիմել են Իսրայելի իշխանություններին թույլ տալ դատարաններին քննարկել այդ հարցը: Միաժամանակ, նրանք մտավախություն են հայտնել, որ հողը կխլվի։