Կոմպոզիտոր Տիգրան Փափազյանը երաժշտություն է գրել Marvel-ի հայտնի նախագծի թիզերի համար
20 Նոյեմբերի 2023, 12:25
Պետրոպավլովսկից ինքնուս կոմպոզիտոր Տիգրան Փափազյանի երաժշտությունը հնչել է այնպիսի կինոհիթերի թրեյլերներում, ինչպիսիք են «Սարդ-մարդը. տիեզերքների միջով», «Ռեմփեյջը» և «Սոնիկը կինոյում»: Եվ հիմա կոմպոզիտորը երաժշտություն է գրել Marvel-ի հայտնի նախագծի թիզերի համար։
tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ ինչպես նշել է Փափազյանը, երգը գրվել է 2019 թվականին, սակայն ներկայացվել է միայն հիմա։
Մեկ օրում նրա կոմպոզիցիայով թրեյլերը YouTube-ում հավաքել է 4,8 մլն դիտում։
«Ինչ կլինի, եթե…» նախագիծը հիմնված է «Marvel Comics»-ի համանուն շարքի վրա։ Դրվագներից յուրաքանչյուրը բացահայտում է, թե ինչ կարող էր պատահել, եթե կինոտիեզերքի ֆիլմերի հիմնական իրադարձությունները այլ կերպ պատահեին: Այդ իսկ պատճառով սերիալը մեծ ժողովրդականություն է վայելում մեդիաֆրանշիզայի երկրպագուների շրջանում։
Փափազյանը 33 տարեկան է։ Նա երաժշտությամբ զբաղվում է արդեն 20 տարի, իսկ կինեմատոգրաֆում նրա առաջին թողարկումը տեղի է ունեցել 2016 թվականին պատմական «Մատիլդա» մելոդրամայում։ Այդ ժամանակից ի վեր կոմպոզիտորը հանդես է գալիս որպես հեղինակ մի շարք հայտնի արտասահմանյան նախագծերում։