Բրիտանացի պետնախարարը հայտարարեց՝ Բաքվում բարձրացրել է Լաչինի ապաշրջափակման հարցը

22 Մայիսի 2023, 19:00

Կարծիք

Միացյալ Թագավորությունը համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում և որքան հնարավոր է շուտ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

«Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված չի փոխվել։ Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։

Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա»,- ասել է Լեո Դոքերթին։

Հարցին՝ արդյո՞ք Բաքու կատարած այցի ժամանակ նա Ադրբեջանի իշխանությունների մոտ բարձրացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը, Դոքերթին դրական պատասխան է տվել.

«Դա կարևոր բաղադրիչ է։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի հարցը։ Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն էլ միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար»,- ասաել է Դոքերթին: