«Հովեր» պետական կամերային երգչախումբը Լեհաստանում կկատարի Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Արզաս Ոսկանյանի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները

23 Նոյեմբերի 2023, 00:52

Մշակույթ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդես կգա Eufonie փառատոնի շրջանակում։ Համերգը կկայանա նոյեմբերի 23-ին։ Երգչախումբը ելույթ կունենա խմբավարներ Սոնա Հովհաննիսյանի եւ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։

Ծրագրի առաջին բաժնում ընդգրկված են Քշիշտոֆ Պենդերեցկու, Ֆերենց Լիստի, Գուստավ Մալերի, Դյորդ Լիգետիի, Արվո Պյարտի, Ռայմոնդ Մյուրեյ Շաֆերի, Հենրիկ Միկուլայ Գուրեցկիի ստեղծագործությունները։  Համերգային երկրորդ բաժնում երգչախումբը կկատարի Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Արզաս Ոսկանյանի, Աննա Ազիզյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։

Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի Eufonie միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվում է Լեհաստանի Մշակույթի ազգային կենտրոնի կողմից՝ Լեհաստանի Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության աջակցությամբ։

Հինգերորդ հոբելյանական փառատոնն այս տարի կկայանա Վարշավայում նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։ Փառատոնին հայկական երգչախմբից բացի ելույթ կունենան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլ երգչախմբեր, նվագախմբեր ու մենակատարներ։