Չեխովի փառատոնի ընթացքում կկայանա Նարինե Գրիգորյանի «Մումու» ներկայացման համաշխարհային պրեմիերան.

23 Մայիսի 2023, 10:25

Մշակույթ

Մոսկվայում մեկնարկել է Չեխովի անվան XVI միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կկայանա հայ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Մումու» ներկայացման համաշխարհային պրեմիերան։

Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնն այս տարի նվիրված է իր ստեղծող Վալերի Շադրինի հիշատակին։

Նարինե Գրիգորյանը դերասանուհի է, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի բազմակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Նարինե Գրիգորյանի բեմադրությունները մասնակցել են բազմաթիվ միջազգային թատերական փառատոների։

Չեխովի XVI միջազգային թատերական փառատոնի ցուցադրությունները կշարունակվեն մինչև հոկտեմբեր։ «Մումու»-ի պրեմիերան կկայանա մայիսի 25-27-ը Տագանկայի թատրոնում։