Եթե Փաշինյանը ցանկանում է խաղաղության հասնել, պարտավոր է Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստել․ Ռոբերտ Մարգարյան

01 Դեկտեմբերի 2023, 23:22

Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է խաղաղության հասնել տարածաշրջանում, պարտավոր է ինչ-որ կերպ Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստել։

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Շատ պահանջներ կան, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին։Մինչև այդ պահանջներին չհասնի, պարզ է, որ ինքը այդ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրելու։

Շատ հաճախ խոսվում է, որ իրենք նախապայմաններ ներկայացրել են Հայաստանին, բայց Հայաստանը երկար ժամանակ չի պատասխանել։

Ինչ-որ բաներ կան, որ ցավալի ու վտանգավոր են, որ նույնիսկ Փաշինյանի նման մարդը, որ ամեն ինչ տալիս է, չի համաձայնվում այդքանը տալ։

Ադրբեջանը փորձելու է ինչքան հնարավոր է, առավելագույնին հասնել»,- ասել է մեր զրուցակիցը։

Մարգարյանի համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու հնարավոր չէ․

«Խնդիրն այն է, որ այս տարածաշրջանում սիրենք, թե չսիրենք, արևմտամետ, թե ռուսամետ լինենք, ինչ հակում էլ ունենանք՝ առանց Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստելու՝ որևիցե խաղաղության համաձայնագիր տևական չի լինելու։ Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի՝առանց Ռուսաստանի մասնակցության, այդ փաստաթուղթը երկարաժամկետ խաղաղության երաշխիք չի կարող լինել։

Ալիևը դա շատ լավ հասկանում է, բայց, ցավոք սրտի, այսօրվա ՝ ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականությունը այնպես է եղել, որ Ռուսատանին մի տեսակ միտումնավոր հրում են դեպի Ադրբեջան։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ի վերջո, խաղաղության հասնել տարածաշրջանում, պատավոր է ինչ-որ կերպ Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստել, անկախ նրանից, որ իրեն դուր կգա, թե դուր չի գա։

Իրադրությունը, որում հայտնվել ենք մեր կամքից անկախ, դա է թելադրում»,- եզրափակել է քաղաքագետը։