Ժամանակակից ջազը՝ համեմված հայկական էլեմենտներով․ Տիգրան Համասյանի կախարդական հնչյունները համակել էին Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի երաժշտասերներին

11 Դեկտեմբերի 2023, 22:17

Մշակույթ

Մոսկվայի շաբաթօրյա երեկոյի երաժշտական ամենագեղեցիկ զարդերից մեկը Տիգրան Համասյանի տրիոյի ելույթն էր «Зарядье» համերգասրահում։

Դեկտեմբերի 6-9-ը Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում համերգային ծրագրով հանդես է եկել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։ Համերգային ծրագիրը ներառում էր կոմպոզիտորի՝ «The Call Within» ալբոմի հեղինակային ստեղծագործությունները՝ թողարկված 2020-ի ամռանը։ Համերգային այս ծրագրի ընթացքում Համասյանին նվագակցում էին Մարկ Կարապետյանը (բաս-կիթառ) և Մարտան Վանժարմեն (հարվածային գործիքներ)։
«The Call Within» ալբոմն իր մեջ ներառում է և՛ պոեզիա, և՛ հայկական հեքիաթներ՝ քրիստոնեական և նախաքրիստոնեական դարաշրջանից։

36-ամյա Տիգրան Համասյանն հասել է համաշխարհային ճանաչման բարձունքների և իր սերնդի ամենավառ դաշնակահարներից ու կոմպոզիտորներից մեկն է։ Համասյանն այսօր կոմերցիոն ամենահաջողակ ջազ երաժիշտներից է և միջազգային խոշոր փառատոնների ամենասպասված աստղերից մեկը՝ բազմաթիվ հեղինակավոր մրցանակներով։

Համերգից առաջ Alpha News-ին տված հարցազրույցում Տիգրան Համասյանը կիսվել է գալիք տարվա իր ծրագրերով, որին անհամբեր է սպասում։

Համասյանի տրիոն ունկնդիրներին տեղափոխել էր բոլորովին այլ իրականություն, և յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից հետո դահլիճը ողողվում էր հոտընկայս ծափահարություններով։ Մոսկովյան «Зарядье» համերգասրահում հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում Համասյանի տրիոյին, և երաժիշտները համերգային ծրագրի ավարտից հետո չդադարող ծափահարությունների ներքո ստիպված եղան 4 անգամ վերադառնալ բեմ ու նորից նվագել։

Մոսկվայում վերջին անգամ Տիգրան Համասյանն համերգային ծրագրով հանդես էր եկել 6 տարի առաջ։