Ո՞ր դեպքերում հայերը Ռուսաստանում կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից. Ռուբեն Կիրակոսյան
14 Դեկտեմբերի 2023, 20:30
Հայաստանում գնտվող բայց Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հայի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
«ՌԴ-ն հարցումներ է ուղարկում Հայաստան՝ նրանց արտահանձնելու համար, բայց Հայաստանը այդ պահանջները չի կիրառում: Հայաստանը երկքաղաքացիություն ունեցող անձանց չի կարող արտահանձնել, քանի որ դա Սահմանդրության խախտում կլինի: Եթե տվյալ մարդը միայն ՌԴ-ի քաղաքացի է, բայց իր երկրում նրանց սպառնում է ֆիզիկական վտանգ, այդ դեպքում ՀՀ-ն ևս իրավունք ունի չարտահանձնել: Բայց պետք է ապացուցել, որ տվյալ մարդուն անօրինական հիմքերի վրա են մեղադրում, եթե լինեն օրինական հիմքեր, ոչինչ անել չեն կարող»,- ասել է Կիրակոսյանը:
Խոսելով Հայաստանից հնչող անհիմն մեղադրանքների մասին, թե Ռուսաստանի հայ համայնքը պասիվ է, փաստաբանը նշել է.
«Ռուսաստանում ազգային փոքրամասնությունները փողոցային ակտիվ քաղաքականություն չեն վարում, քանի որ դա ավելի շատ հակառակ ազդեցություն է ունենում, և կառավարությունը կոշտ է պատասխանում դրանց: Այստեղ ավելի շատ աշխատում է «փակ դռների հետևում» գործելու բանաձևը, որը, ցավոք, հայերը չեն կարողանում կիրառել: Դա էլ ուրիշ խնդիր է: Ինչու՞ մեր հայ կարկառուն դեմքերը չեն կարողանում դա կիրառել, ինչու՞ էր դա նախկինում ստացվում, իսկ հիմա՝ ոչ:
Ինչ խոսք, եթե լիներ մի կենտրոն, որը կհամակարգեր հայերի հնարավորությունները աշխարհի տարբեր կետերում, դա ֆանտաստիկ մի նոր իրականություն կլիներ մեր հայերի համար: Ցավոք, դա չկա, և ռուսական հայ համայնքը ինքը պետք է կարողանա ստեղծել այդ համակարգող կենտրոնը և հույսը դնի իր վրա: Այսօր Հայաստանը ավելի շատ տրամադրված է աշխատել ոչ թե համայնքային կառույցների հետ, այլ առանձին անձանց հետ»-, եզրափակել է Կիրակոսյանը: