Վաշինգտոնից Մոսկվա, իսկ հետո Քիշնև. որտե՞ղ կհաստատվի «խաղաղությունը»

05 Մայիսի 2023, 22:49

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բայրամովի հետ, Վաշինգտոնում մի քանի օր շարունակ հանդիպում ունեցավ: Կողմերը մայիսի 1-ից մինչև 4-ը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ քննարկում էին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագիրը: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում փաստաթուղթն այս անվանումն է կրում:

Այն, որ այսուհետ «խաղաղության պայմանագրի» փոխարեն, կողմերը այլ անվանումով փաստաթուղ են քննարկելու, հայտնել էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ, անվտանգություն, Լաչինի միջանցքի հումանիտար նշանակություն. ըստ մամուլում հայտնվող տեղեկությունների քննարկման առանցքում հումանիտար հարցեր էին:

Կողմերի Վաշինգտնում գտնվելու երկրորդ օրը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն հայտարարեց՝ ղարաբաղյան կարգավորման համար, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններից բացի, այլ իրավական հիմքեր չկան։

ԱՄՆ-ն Մոսկվայի արձագանքը որակեց բացասական և հիասթափեցնող: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նշում էին՝ Վաշինգտոնի նպատակը կողմերի միջև տևական և արժանապատիվ խաղաղությունն է:

Թե որքանով իրագործվեց այդ նպատակը, կարելի է հասկանալ արդյունքերից: Կողմերը չստորագրեցին անգամ համատեղ հայտարարություն: Հայաստանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում է անգամ արձանագրված՝ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Ուշագրավ է, որ Վաշինգտոնում կողմերի հանդիպման վերջին օրը, վարչապետ Փաշինյանը անսպասելիորեն Չեխիայում հայտարարեց՝ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա:

Նա իր խոսքում ընդգծել է, որ մինչ օրս չի հաջողվել գալ համաձայնության, խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, նշելով, որ կազմակերպությունը պետք է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման համար լուրջ քայլեր ձեռնարկեր, — «սակայն մենք դա չենք տեսնում».ասում է Փաշինյանը:

Դեռ ավելին՝ վարչապետի խոսքով անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը:

Հետաքրքիր է, որ Փաշինյանի Մոսկվա այցին, վաշինգտոնյան քառօրյայից հետո հաջորդելու է ևս մեկ հանդիպում: Հունիսի 1-ն Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները…

Հիմա եթերում