Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին
17 Դեկտեմբերի 2023, 12:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սուրբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիի հայկական հնագույն եկեղեցին է, որը շատ երկար ժամանակ եղել է հայ համայնքի գլխավոր տաճարը, իսկ այժմ համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ տաճարը:
Որպես եկեղեցու հիմնադրման տարեթիվ նշվում է 631 թվականը։ Կա նաև վարկած, որ այն հիմնադրվել է 1251 թվականին։ 13-րդ դարում եկեղեցու հիմնադրման վարկածը հետազոտողները առաջ են քաշել պատի վրա մինչև մեր օրերը չպահպանված արձանագրության, ինչպես նաև Հովհաննես Երզնկացու փոխանցած տվյալների հիման վրա: Ըստ այդ տվյալների՝ եկեղեցին կառուցել է 1251 թվականին։
Գլխավոր մուտքի աջ կողմում գտնվում է ծնունդով Թբիլիսիից հայտնի հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայ մշակութային և հասարակական գործիչների գերեզմաններ:
2012-2015 թվականներին տեղի համայնքի, հայ և վրացի գործարարների օգնությամբ հանգանակվել են միջոցներ, որոնց հաշվին կատարվել է եկեղեցու և որմնանկարների վերակառուցում և վերականգնում, վերականգնվել է Սուրբ Գևորգ եկեղեցու սկզբնական տեսքը: