Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Մոսկվա
06 Մայիսի 2023, 08:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա: Այս մասին երեկ՝ մայիսի 4-ին, Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, սակայն, հանդիպումների և օրակարգի մասին:
Մոսկվա մեկնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը անսպասելի էր: Պաշտոնական Երևանն ավելի վաղ չէր հայտարարել Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին:
Արդյոք ծրագրված էր Փաշինյանի այցը Մոսկվա, թե այս որոշումը կայացվել է վերջին իրադարձությունների ֆոնին, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ չորս օր Վաշինգտոնում բանակցություններ էր վարում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ:
Միգուցե Մոսկվան չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ և ռուս խաղաղապահներն են ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը: Հենց այս կոնտեքստում էլ կարելի է ենթադրել Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառները:
Արդյոք վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, կամ այլ կերպ ասած՝ խաղաղության պայմանագիր. Հայաստանի իշխանությունը չի բացառում Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ի պատասխան հարցին, թե նախադրյալ կա՞, որ մոտակա ժամանակահատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախնական նախագիծ, հայտարարել էր, որ չի ցանկանում մեկնաբանել հարցը՝ բանակցությունների ընթացքի վրա չազդելու համար:
«Հաշվի առնելով, թե ինչքան մեծ ճնշման տակ են մեր բանակցողները, ես մեր բանակցող թիմին ասել եմ, որ թուղթը, որը դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու: Բանակցեք ազատ ու մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակներում»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ հնարավոր է բանակցություններում նոր առաջարկներ հնչեն, ինչը նորմալ է և իրենք պատրաստ են հաշվի նստել դրանց հետ:
Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Մոսկվա. Կառավարությունից առայժմ մանրամասներ չեն ներկայացրել: Ռուսական կողմը ևս տեղեկություն չի հաղորդել:
Ռուսաստան Նիկոլ Փաշինյանի վերջին այցը եղել է նախորդ տարի դեկտեմբերի 26-ին: Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Սանկտ Պետերբուգում մասնակցել էր ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի վարչապետի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի աշնանը: Հոկտեմբերի 31-ին, Փաշինյանը Սոչի կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձին հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ապա կայացել էր Փաշինյան-Պուտին- Ալիև եռակողմ հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս երկու անգամ՝ ապրիլի 7-ին և 26-ին, հեռախոսազրույցներ էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: