Այսօր նիկոմիդացիների եկեղեցում այրված Ս. կույսերի և երկու բյուր նահատակների տոնն է
21 Դեկտեմբերի 2023, 18:10
Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Ս. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին: