Սխալներ, որ արել է Փաշինյանը, Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ոչ մի քաղաքական ղեկավար չի արել․ Բենիամին Մաթևոսյան

22 Դեկտեմբերի 2023, 22:05

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը արդեն որերորդ անգամ ուղղորդում է քննչական գործողությունները։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Իշխանություները պարբերաբար ասում են, որ ամեն ինչի համար գումար ունեն, հատկապես բանակի համար, բայց տեսնում ենք, որ սովորական մոդուլային տների հետ կապված էլ խնդիր կա, անմարդկային պայմաններմ էին մնում մարդիկ և մենք ստացանք Ազատի զինվորական կացարանի հրդեհը, որը այդքան մարդու կյանք խլեց։ Նիկոլ Փաշինյանը արդեն որերորդ անգամ ուղղորդում է քննչական գործողությունները, ինչ-որ հստակ գնահատականներ է տալիս, մարդկանց է պաշտոնից ազատում կամ նշանակում»,- ասել է Մաթևոսյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանն այնպիսի սխալներ է արել, որ չի արել նախկին որևէ ղեեկավար:

«Միգուցե շատերի դուրը սա չգա, բայց Հայաստանում ցանկացած պաշտոնյա իրավունք ունի ցանկացած սխալ անել ու հրաժարական չտալ, նույնիսկ եթե ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։ Այնքան կոպտագույն սխալներ, որ արել է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ոչ մի քաղաքական ղեկավար, առավել ևս երկրի ղեկավար չի իրականացրել։ Տասնյակ հազարավոր զոհեր ունենք, հարյուր հազարից ավելի մարդիկ արտագաղթել են իրենց պատմական հայրենիքից, մենք միլիարդավոր դոլարների վնաս ենք կրել։ Մարդիկ, որ ասում են՝ նախկին իշխանությունները թալանել են, հաշվենք, տեսնենք՝ ինչքան վնաս են հասցրել, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել»,- նշել է քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ այս պայմաններում էլ պաշտպանության նախարարը հրաժարական չի տա, դրա համար էլ այս իրավիճակում ենք հիմա:

«Տրամաբանությունը մեզ հուշում է, որ այս պայմաններում Սուրեն Պապիկյանը հրաժարական չի տալու։ Դրա համար էլ հանգել ենք այս ամենին։ Մինչ այս պահն էլ՝ իտալական մոդուլները, որոնց մասին Էդմոն Մարուքյանն էր խոսում։ Ո՞ւր են այդ մոդուլները, դրանք առաջնագիծ հասե՞լ են, թե ոչ։ Մեկ տարի է գրեթե անցել, բայց սայլը տեղից չի շարժվել»,- եզրափակել է Բենիամին Մաթևոսյանը։