Կայացավ ԱՄՆ-ում հրատարակված «Շենգավիթ» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

24 Մայիսի 2023, 17:32

Հայեր

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԱՄՆ-ում հրատարկված  Շենգավիթ քաղաքատեղիի գրեթե բոլոր առանձնահատկությունները ներկայացնող «Շենգավիթ» մենագրության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մենագրության գիտական խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան ակադեմիկոս Հակոբ Սիմոնյանը նշեց՝ աշխատությունը բացահայտում է Հայաստանի հնագույն մշակույթների համար կարևորագույն շրջափուլերից մեկի՝ վաղ բրոնզի դարի շենգավթյան կամ քուր-արաքսյան կոչվող մշակույթի առանցքային հուշարձաններից մեկի՝ Շենգավիթ քաղաքատեղիի գրեթե բոլոր առանձնահատկությունները: 

«Գրքի գլուխները գրել են ինչպես գիտական խմբագիրները, այնպես էլ Հայաստանում և արտերկրում մեծ հեղինակություն վայելող մեկ տասնյակից ավելի գիտնականներ:

Հրատարակված մենագրությունը նոր խոսք է հայագիտության բնագավառում և կարևոր նշանակություն ունի Հայաստանի հնագույն պատմության ու մշակույթի բացահայտման և միջազգային մակարդակով այն ներկայացնելու առումով,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գիտական կարևորությունից զատ, գիրքն ունի Հայաստանը ներկայացնելու առաքինություն և ներկայացվել է աշխարհի գրեթե բոլոր հեղինականավոր գրադարաններում: 

Հեղինակը նշեց, որ մենագրության գիտական խմբագիրն է նաև ԱՄՆ Վայդների համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միտչել Ռոթմանը:

Գրքի վրա աշխատելու 20 տարիներին կատարվել են տարբեր պեղումներ, հայտնաբերված գտածոների վերականգնում, գրչանկարների պատրաստում, դասակարգում, բնութագրում: 

Գիրքը հայերեն հրատարակելու նպատակ ունեն, որի պատասխանատուն ԵՊՀ հրատարակչությունն է լինելու: 

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ-ն այն կառույցն է, որը միշտ կարևորել է նման աշխատանքները:

Նրա խոսքով՝ գրքի հայերեն տարբերակի թարգմանությունը կսկսեն ամռանը, իսկ տպագրական աշխատանքները՝ այս տարվա ավարտին: 

«Հասկանում ենք, որ այս աշխատանքը կարևոր է նաև մեր ներքին լսարանի համար: Վստահ ենք, որ այն կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլև ավելի լայն շրջանակներին»,- եզրափակեց Գրիգորյանը: