Արևմուտքը չի օգնելու Հայաստանին, այն հետաքրքրություն չի ներկայացնում արևմտյան երկրների համար. Գլեբ Կուզնեցով
26 Դեկտեմբերի 2023, 11:28
Արևմուտքը չի օգնելու և լուրջ ռեսուրսներ չի ներդնելու Հայաստանում, այն որևէ հետաքրքրություն չի ներկայացնում արևմտյան երկրների համար։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը՝ ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմից պաշտպանվելու առումով Արևմուտքի հույսերը շատ քիչ են։
«Կարծում եմ՝ դրա հույսերը շատ քիչ են, քանի որ Արևմուտքի համար Հայաստանը երբեք չի լինի այնպիսի մի վայր, որտեղ Արևմուտքը զգալի քանակությամբ ռեսուրսներ կներդնի։ Հայաստանի կարևորությունն Արևմուտքի համար լրջորեն ավելի քիչ է, քան Ադրբեջանից նույն էներգետիկ մատակարարումների կարևորությունը, քանի որ սեփական էներգետիկ անվտանգության առումով եվրոպական շատ երկրներ ուղղակիորեն կողմնորոշվում են դեպի Բաքու», — նշել է նա։
Այսինքն, ըստ քաղաքագետի, սպասել, որ ինչ-որ իրավիճակում, նույնիսկ ամենավատը, ԵՄ-ն հանդես կգա միասնական ճակատով՝ ի աջակցություն Հայաստանի ընդդեմ Ադրբեջանի, պետք չէ: Սկզբունքորեն դա հնարավոր չէ:
«Օրինակ ԱՄՆ-ի համար Հայաստանի ճակատագիրը ներքին քաղաքականության փոքր գործոններից մեկն է, պարզապես այն պատճառով, որ Միացյալ Նահանգների տարածքում գործում է շատ հզոր հայկական լոբբի։ Այո, այնտեղ շատ հայեր են ապրում, սակայն պետք չէ չափազանցնել ԱՄՆ-ում հայկական լոբբիի նշանակությունը։ Հայաստանի նշանակությունն ԱՄՆ-ի համար էապես ցածր կլինի, այն կարող է մանրադրամ դառնալ Իրանի հետ դիմակայության առումով, որտեղ Ադրբեջանը Իսրայելի կարևոր գործընկերն է, իսկ ինչպես բոլորս գիտենք Իսրայելի գլխավոր գործընկերը ԱՄՆ-ն է։ Այսինքն, Արեւմուտքի կողմից որոշակի բարոյական աջակցության հույսն, անշուշտ, առկա է եւ գոյության իրավունք ունի, բայց Արեւմուտքը չի օգնի եւ լուրջ ռեսուրսներ չի ներդնի Հայաստանում», — եզրափակել է Կուզնեցովը։