Գարեգին Նժդեհ․ Հայաստանի ազգային հերոսը
02 Հունվարի 2024, 19:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 1-ին լրացել է Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի ծննդյան 137-ամյակը:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886թ. քահանայի ընտանիքում, Նախիջևանի գավառի Կուզնուտ գյուղում: Գերազանց կրթություն է ստացել նախ Նախիջևանի ռուսական դպրոցում, ապա Թիֆլիսի գիմնազիայում, իսկ 1902 թվականին Տեր-Հարությունյանն ընդունվել Է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։
Այնուհետև Բուլղարիայի անօրինական ռազմական ուսումնարանում սովորել է ռազմական արվեստ։ Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է ռուսական կայսերական բանակի կազմում հայկական կամավորական 2 ջոկատի հրամանատարի տեղակալ և պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի և Գեորգիևյան 3-րդ և 2-րդ աստիճանի խաչերով: Անմիջական և ակտիվ մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի փրկությանը, ինչպես նաև ռազմավարական գործողությունների շնորհիվ Գարեգին Նժդեհն իր վերահսկողության տակ է վերցրել Զանգեզուրը։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գարեգինը լքել է Հայաստանը, ապրել Իրանում, ապա՝ Բուլղարիայում։ Նա շատ է աշխատել ազգային ինքնության գաղափարի՝ «Ցեղակրոնի» ստեղծման և հիմնավորման վրա, որտեղ միավորել է ազգ, հայրենիք և հավատ հասկացությունները:
Գարեգին Նժդեհը հակասական ու բազմաբովանդակ մարդ է, մարտիկ ու փիլիսոփա, ով իր կյանքն ու ճակատագիրը դրել է պատմության շեմին՝ հանուն իր ժողովրդի ու հայրենիքի:
Հայաստանում Գարեգին Նժդեհը համարվում է ազգային հերոս, իսկ նրա ժառանգությունը մինչ օրս քննարկում ու հիշում են: Շատ հետազոտողների աշխատություններում նշվում է նրա հսկայական ներդրումը 20-րդ դարասկզբի հայկական ազգային շարժման մեջ։ Նրա գործերը բազմիցս վերահրատարակվել են, նրա պատվին նկարահանվում են վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։
Երևանում կա նրա անունով հրապարակ և մետրոյի կայարան, 2016 թվականին բացվել է բրոնզե հուշարձան, որի պատվանդանին փորագրված են Նժդեհի ասույթները:
2020 թվականին Բուլղարիայում երկրի պաշտպանության նախարարության պատվերով նկարահանվել է «Թափառականը» պատմական ռազմական ֆիլմը՝ նվիրված Գարեգին Նժդեհին։