TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ․ Բայրամով

18 Նոյեմբերի 2026, 13:00

Քաղաքականություն

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի տեխնիկական պարամետրերը, որը նախատեսում է Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծում, պարտադիր պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել դրա իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Բայրամովը պարզաբանել է, որ թեև բանակցություններն ընթացել են Վաշինգտոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ առաջացել է դրա տեխնիկական պարամետրերը Բաքվի հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն։

«Առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,- հավելել է նա։
Բայրամովը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որը նոյեմբերի 6-ին սկսել է աշխատանքը։
Խմբի հիմնական խնդիրը երկու ուղղություններով տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն է՝ տրանսպորտային, որը ներառում է երկաթուղիներն ու ավտոճանապարհները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերը։

Նրա խոսքով՝ Բաքուն գրեթե ավարտել է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը, այդ թվում՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների։ Ամբողջությամբ ավարտել այդ գործընթացը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։