Կեմերովոյի մարզի ՌՀՄ նախագահը Կուզբասի զարգացման գործում հատուկ ավանդի համար պարգևատրվել է մեդալով
09 Հունվարի 2024, 16:15
Կուզբասի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է Կեմերովոյի մարզի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արգիշտի Սիմոնյանը:
Սիմոնյանի գլխավորած «Ուրարտու» հայկական համայնքը կազմավորվել է 2003 թվականին: Այն մասնաճյուղեր ունի Կուզբասի 20 քաղաքներում։
«Ուրարտուն» զբաղվում է բարեգործական գործունեությամբ. սոցիալական աջակցություն է ցուցաբերում դպրոցներին, մանկապարտեզներին, տեղական հակամարտություններում և բնական աղետների ժամանակ զոհվածների ընտանիքներին: Նպատակ ունենալով պահպանել ազգային մշակույթը՝ կազմակերպությունը պարբերաբար մասնակցում է ազգային մշակույթների տարածաշրջանային մրցույթներին և փառատոներին, «Բարեկամության շուրջպար», «Կուզբասի աղբյուրները» ավանդական տոնակատարություններին:
Նրան ներկայացնող ստեղծագործական խմբերը բազմիցս դարձել են ամենատարբեր մրցույթների դափնեկիրներ, այդ թվում՝ «Ռուսաստանի ժողովուրդների վեհաժողովում»։