Բաքուն փորձում է Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ռուս ուղղափառ եկեղեցի. Համլետ Պետրոսյան
10 Հունվարի 2024, 01:00
Անկախության շրջանում Արցախում գրեթե բոլոր հատվածներում կանգնեցվել են հուշարձաններ, քանի որ այդ բնակավայրերն ամայի են, շատ դժվար է դրանց հետևել և տեսնել, որոնք են ոչնչացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Monument watch ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:
«Վերջինը, որ մեր գործընկերները հրապարակեցին, դա Մարտակերտում կանգնեցված խաչքարի ավերումն է: Հստակ երևում է, որ խաչքարը ջարդել են և կտորները թափված են հուշաքարի առաջ: Այդ պատկերն է բոլոր բնակավայրերում»,-ասաց նա:
Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, նա ասաց.
«Ղազանչեցոցը կարծես լակմուսի թուղթ է: Դա ակնհայտ կառուցել են հայերը, կառուցել են Ղազանչի գյուղից տեղահանված և Շուշիում բնակեցված հայերը: Բայց հիմա Ադրբեջանը փորձում է խաղաքարտ դարձնել այս եկեղեցին: Քանի որ այս դեպքում չեն կարող այն վերագրել Աղվանից կաթողիկոսությանը, փորձում են այն ներկայացնել որպես ռուս ուղղափառ եկեղեցի: Եթե նայեք, նրանք հատուկ ոսկեգույն ներկել են գմբեթը և այդպես թողել:
Սա շատ խորամանկ քաղաքականություն է: Ղազանչեցոց եկեղեցու արդեն երկու տարի ձևական այդ ցանցերով փաթաթելը, ըստ էության, նման փորձարկման հիմնաքար է: Ուզում են տեսնել՝ ինչպե՞ս կարձագանքեն ռուսները: Ադրբեջանում ռուսական եկեղեցու ներկայացուցիչները միանշանակ հակահայ քաղաքականություն են վարում, ինչը բացարձակ սպասելի չէր քրիստոնեական քույր եկեղեցու կողմից»,- ընդգծեց նա: