Արխանգելսկի գիտական գրադարանում կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը
11 Հունվարի 2024, 15:45
Արխանգելսկի Ն. Ա. Դոբրոլյուբովի անվան տարածաշրջանային գիտական գրադարանում տեղի կունենա հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված նրա 100-ամյակին: Այս մասին հայտնում է գրադարանի կայքը։
Հունվարի 15-ին հանդիսատեսին կառաջարկվի ռեժիսորի գլխավոր գործերից մեկը՝ «Նռան գույնը» (1968):
«Այն պատկանում է այն ֆիլմերին, որոնք ոչնչի նման չեն։ Սա ընդհանրապես ֆիլմ չէ, այլ արվեստի առանձին գործ, տեսալսողական գլուխգործոց, պոեզիա էկրանին։ Ֆիլմի հիմքում հայ խորհրդավոր բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի պատմությունն է, պլաստիկ և վիզուալ պատկերների միջոցով հեղինակը փոխանցում է բանաստեղծի հոգևոր աշխարհը, նրա սիրո պատմությունը, վերաբերմունքը կրոնի, իշխանության և ժողովրդի նկատմամբ», — ասվում է Արխանգելսկի գրադարանի մեկնաբանության մեջ։
Հունվարի 22-ին կներկայացվի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984) ֆիլմը, որը ստեղծվել է հին վրացական լեգենդի մոտիվներով և պատմում է ճակատագրի անկանխատեսելիության մասին:
Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով «Աշիկ-Քերիբ» (1988) ռոմանտիկ դրամայի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 29-ին: