Քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիևի գործակալն է՝ նրա առջև փակ դռներ չեն լինելու. Արա Գրիգորյան
16 Հունվարի 2024, 22:20
Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ Փաշինյանը գործում է Ալիևի ու Արևմուտքի ցանկություններով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Արա Գրիգորյանը:
«Արևմուտքը հայերին քարոզում է խաղաղության և համաշխարհայնության մասին, բայց նույն ժամանակահատվածում Ադրբեջանին օգնում է զենքի մատակարարմամբ: Այս ամբողջ ընթացքում Փաշինյանը վստահեցնում էր, որ բանակը զինել է, բայց արդյունքում մեր զինվորներին հրամայել են հետ նահանջել իրենց դիրքերից, իսկ շատ հրամանատարներ այս պահին բանտարկված են: Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ Փաշինյանը գործում է Ալիևի ու Արևմուտքի ցանկություններով:
Արևմուտքը սկզբում մեզ խոստանում էր, որ թույլ չեն տալու Ադրբեջանին հայաթափել Արցախը, խոստացան, որ միայն խաղաղություն կլինի, եթե Հայաստան-Թուրքիա տնտեսական կապը վերականգնվի: Փաշինյանն ու իր վարչակազմը տարիներ շարունակ մեզ նույնն են քարոզում, բայց ամեն օր տեսնում ենք՝ վիրճակն ավելի է բարդանում: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Ալիևն ու Արևմուտքը համատեղ կփոխեն նաև հայերի և ադրբեջանցիների պատմությունները»,- ասել է Գրիգորյանը:
Տնտեսագետը վստահեցնում է՝ քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիևի գործակալն է, ապա նրա առջև փակ դռներ չեն լինելու:
«Այսօր Սփյուռքը պետք է ավելի շատ օգտակար լինի հայկական կազմակերպություններին, որ շարունակենք հայ մնալ, բայց ամենակարևորն այն է, որ այս ապազգային, անհայրենիք ՔՊ գործակալներին պետք է մերժենք ու դատապարտենք: Ալիևի համար մեկ է՝ ուրիշներն ինչ կասեն, քանի որ իր ուզածը միշտ ստանում է: Եթե Հայաստանի ղեկավարն իր գործակալն է, ապա նրա առջև փակ դռներ չկան: Այս պարագայում կապ չունի՝ ով կլինի ԱՄՆ-ի նախագահը, կարևորն այն է, որ հայ քաղաքական գործիչներ ունենանք ԱՄՆ-ում:
Մենք մեր հայ լինելը պետք է ցույց տանք, պետք է ապացուցենք, որ Հայաստանի, Արևմուտքի, Ամերիկայի և մեր հայկական համայնքի շահերը նույնն են: Ինչքան էլ ասենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը կամ Արևմուտքն ավելի բարեկամական հարաբերությունների մեջ են, մեկ է՝ այս պահին փաստն այն է, որ իրենց երկրի ու մեր երկրի շահերը չեն համընկնում»,- եզրափակել է Գրիգորյանը: