Մենք Բելգիայում բարձրացնելու ենք Բաքվում պահվող Արցախի ղեկավարների հարցը․ Կարեն Թադևոսյան
16 Հունվարի 2024, 22:41
Հունվարի 27-28-ին մոտ 50 եվրոպական քաղաքներում անցկացվելու են ցույցեր «Ազատ Արցախ» կարգախոսով։ Մեր առաջին պահանջը Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելն է, և դա մեր առաջնային նպատակներից է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Բելգիայի հայ համայնքի վեհաժողովի նախագահ Կարեն Թադևոսյանը։
«Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելը մեր առաջնային նպատակներից է։ Բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Երկրոդ պահանջը բոլոր գերիների ազատ արձակումն է, և ևս մեկ անգամ ուզում ենք ուշադրություն հրավիրել Սյունիքի պաշտպանության վրա։ Ինչպես գիտեք հոկտեմբերի 1-ին մեծ ցույց կազմակերպեցինք մի շարք երկրներում, հիմա նպատակն է լուրջ հետևողականություն ցուցաբերել և մեր պահանջներից հետ չկանգնել։ Մեզ համար Արցախի թեման փակված չէ»,- ասաց Թադևոսյանը։
Նա ընդգծեց՝ ցույցերը կանցկացվեն Բելգիայի երեք քաղաքներում․ Բրյուսելում կկազմակերպվի համեմատաբար փոքր ակցիա հայկական եկեղեցու հետ միասին։
«Երբ նախաձեռնում էինք «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, հունիս ամիսն էր։ Մենք նախաձեռնել էինք այն իրականացնել հոկտեմբերին, բայց սեպտեմբերյան դեպքերն առաջ ընկան։ Դրանից հետո հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանն ընդունեց շատ կարևոր բանաձև։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ ընդունված բոլոր բանաձևերը պետք է ի կատար ածվեն և բոլոր անդամ երկրների կողմից։ Այդ ուղղությամբ մենք պետք է շատ աշխատանքներ տանենք, թեև պատերազմի ժամանակ Բելգիայի խորհրդարանը երկու շատ կարևոր բանաձևեր ընդունել։ Ինչպես գիտեք վեհաժողովների որոշումները պարտադիր պայման չեն և դա մեզ համար դժվարություններ է առաջացնում։
Մենք հոկտեմբերի 1-ին ասում էինք, եթե սանկցիաներ չեն կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, ուրեմն եղել են պայմանավորվածություններ։ Մինչև այժմ էլ այդ մտքին ենք։ Ամիսներ շարունակ հանդիպումների ժամանակ կամ նամակների մեջ զգուշացնում էինք, թե ինչ է կախված Արցախի գլխին, մեզ ասում էին չափազանցնում եք։ Ալիևն այնքան միջազգային օրենքներ է խախտել, որ օրերից մի օր կանգնելու է պատասխանատվության առաջ, ու այդ ժամանակ մենք պետք է հետամուտ լինենք և ճիշտ ժամանակին գործենք։ Մենք կբավարարվենք, երբ անդամ երկրների կառավարություններն ի կատար կածեն այն ամենը, ինչ նշված է բանաձևում»,- եզրափակեց Թադևոսյանը։