Ալիևի սպառնալիքներն արվում են ընտրություններից առաջ ազգի փրկչի իմիջ ստեղծելու համար. Անդրեյ Չուպրիգին
18 Հունվարի 2024, 00:05
Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, համաշխարային տնտեսության ու քաղաքականության ավագ դասախոս, Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Անդրեյ Չուպրիգինը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանի հասցեին։
Ըստ փորձագետի՝ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում արտահերթ ընտրություններից առաջ՝ հայրենիքի պաշտպանի իմիջ ձևավորելու համար։
«Ալիևի սպառնալիքները բացատրվում են նրանով, որ շուտով ընտրություններ են, և նա պետք է ձևավորի հասարակական կարծիքի իր իմիջը, իսկ հայրենիքի պաշտպանի հարցը այժմ նրա օրակարգում է, ուստի նա առաջ է քաշում այս թեման։ Ինչ վերաբերում է նոր հակամարտության սրմանը, ապա դա հնարավոր է ցանկացած իրավիճակում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն չկա, և դա ինքնին նշանակում է լոկալ գործողություններ սկսելու իրական հնարավորություն, որոնք հետագայում կարող են հանգեցնել էսկալացիայի։ Բայց կարելի է հուսալ, որ դա տեղի չի ունենա, քանի որ մեծ հաշվով Ալիևը կատարել է այն խնդիրները, որոնք այսօր դրել էր իր առջև և, բնականաբար, չէր դժգոհի»,- ասել է փորձագետը։
Նա միաժամանակ նշել է․
«Ընտրության գնացող մարդը նյարդային վիճակում է, ինչքան էլ ավտորիտար լինի և այլն, որովհետև կարող է ստացվել, որ նա չընտրվի։ Ուստի հիմա, ամեն դեպքում, ընտրություններից առաջ նա պետք է բնակչության ուղղությամբ ինչ-որ գործողություններ անի։ Եվ սա նման է Ալիևի՝ որպես ազգի փրկչի իմիջի պահպանմանը, որը թքած ունի ադրբեջանական ժողովրդի բոլոր շահերի վրա՝ առանց բացառության»,- եզրափակել է Չուպրիգինը։