Ե՛ւ Արցախը, և՛ Արարատը, և՛ Վանա լիճը՝ բոլորը հայկական են. Գերման Ստերլիգով

20 Հունվարի 2024, 00:05

Քաղաքականություն

Ռուս նախկին գործարար, ռուսական առաջին ապրանքահումքային «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը Alpha News-ի լրագրող Արմեն Յուրխանյանին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Արցախում իր գտնվելու, իր նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին և խորհուրդ տվել բոլոր հայերին, թե ինչպես ավելի արդյունավետ լինել նպատակներին հասնելու համար թե՛ առօրյա կյանքում, թե՛ քաղաքականության մեջ։

«Ե՛ւ Արցախը, և՛ Արարատը, և՛ Վանա լիճը՝ բոլոր հայկական են»,- ասել է Ստերլիգովը:

2015 թվականին Արցախում գտնվելուց հետո Alpha News-ի զրուցակիցն ամենաջերմ հիշողություններն ունի տեղացիների մասին, որոնց օրինակ է բերում։

«Արցախում ընդհանրապես գողություն չկա, հանցագործություն չկա, մեքենաները ոչ ոք չի փակում… Այնտեղ նույնիսկ ոստիկանները կանգնեցնում են մեքենան ու հարցնում. «Օգնության կարիք ունե՞ք»։

Երբ մեզ դուրս հանեցին հյուրանոցից, անծանոթ մարդիկ, օրինակ՝ «Արցախի ոստիկանապետը», մեզ միրգ ուղարկեցին։ Ես դա բարձր գնահատեցի ոչ թե այն պատճառով, որ միրգը շատ արժեքավոր նվեր է, այլ որովհետև հասկացա, թե ինչի է նա ռիսկի դիմում, նա հրապարակային խիզախություն ցույց տվեց: Եվ մենք նույնիսկ ծանոթ չէինք: Նա դա ուղարկել է, կարծես ներողություն խնդրելով հայերից, որոնք դա արել են»,- ասել է Ստերլիգովը։
Նա քաղաքականության մեջ հարցեր լուծելու բաղադրատոմս ունի, և դա, Ստերլիգովի կարծիքով, արդյունքի հասնելու ամենաարդյունավետ միջոցն է։

«Ես բազմիցս ասել եմ բազմաթիվ հարգված հայերի, որոնք հեղինակություն և մեծ փողեր ունեն Ռուսաստանում և Հայաստանում՝ ինչո՞ւ չեք ստեղծում ինչ-որ հիմնադրամ, տարբեր երկրների քաղաքական գործիչներին նվերներ տալու, թագավորական ընտանիքների անդամների հետ շփվելու համար։ Այս ամենը թանկ է, «ընդհանուր ֆոնդ» արեք, այնտեղ ուղարկեք ձեր ներկայացուցչին։ Ինչու է Աղալարովը (ադրբեջանցի գործարար) շփվում թագավորական ընտանիքի հետ, իսկ հայերից ո՞վ է շփվում։

Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ նվերներ են տալիս, ընտանիքներով ընկերություն են անում և ասում են․ «Չե՞ք կարող գալ մեզ հետ հանդիպման: Այդպիսի տարածք կա՝ Արցախը, մենք կցանկանայինք վերցնել մի քանի հազար քառակուսի կիլոմետր»: Պատասխանը կլիներ՝ «Վերցրե՛ք»: Իսկ ո՞ւր էին հայերը: Ինչի՞ վրա եք խնայել: Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցիներն այսպես են վարվում՝ շնորհավորում են պատգամավորներին ու նախարարներին ծննդյան տարեդարձի առթիվ։

Դե, իհարկե, լավ են վերաբերվում։ Ո՞ր հայն է դա անում Հայաստանի անունից։ Նման բան չկա… Սա միակ բանն է, որ գործել է մարդկության պատմության ընթացքում՝ ընտանեկան կապերն ու հարաբերությունները, նվերներն ու ուշադրությունը, ընտանիքների բարեկամությունն ու ընդհանուր գործեր։ Սա միակ բանն է, որ աշխատում է»,- ասել է նախկին գործարարը։
Ամփոփելով զրույցը՝ մեր զրուցակիցը տվել է հիմնական խորհուրդը.

«Դուք պետք է բարելավեք ձեր հարաբերությունները Ամենակարող Աստծո հետ»։