Կարպ Խաչվանքյան. հայ բեմի Չարլի Չապլինը
23 Հունվարի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 23-ին լրանում է մեծ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի բոլոր ժամանակների մեծագույն կատակերգակներից մեկի՝ Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակը։
Խաչվանքյանը ծնվել է Ախալցխայում 1923թ. հունվարի 23-ին: Թբիլիսիի «Վրաստան-ֆիլմ» ստուդիայի կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո հրավիրվել է Երևանի երաժշտական կոմեդիայի նոր թատրոն, որտեղ էլ աշխատել է 54 տարի՝ լինելով թատրոնի առաջատար դերասաններից մեկը: Նա դարձել է թատրոնի խորհրդանիշը։
Աննախադեպ դերասանական տաղանդի տեր մարդ, հանդիսատեսի սիրելի, իմպրովիզացիայի մաեստրո, իսկ կատակերգություններում նրան հավասարը չկար։ Նա կարող էր թատրոն գալ բացարձակապես առանց տրամադրության, սակայն բեմ բարձրանալուն պես նվիրյալ հանդիսատեսը Խաչվանքյանին տեսնում էր ուրախ, աշխույժ, եռանդուն։ Բայց հենց վարագույրը փակվում էր, նույն վայրկյանին Կարպը դուրս էր գալիս իր դերից, նորից ուշքի գալով։ Դրանում չէ՞ դերասանության ուժը:
Երբ դերասանը քայլում էր փողոցով, նրան չէր կարելի չնկատել, իսկ շուրջը լսվում էր. «Տեսեք, Խաչվանքյանը գալիս է, Խաչվանքյա՛ն»։ Նա քաղաքավարի գլխով էր անում և անցնում առաջ։ Համեստ մարդ մինչև հոգու խորքը:
Տաղանդավոր դերասանը հիացմունք է առաջացրել ոչ միայն հանդիսատեսի շրջանում։ Նրա մասին հաճախ բարձր կարծիք են հայտնել այնպիսի անվանի մշակութային գործիչներ, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Համո Բեկնազարյանը, Վահրամ Փափազյանը, Վարդան Աճեմյանը, Առնո Բաբաջանյանը։
Խաչվանքյանը Պարոնյան թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի 4 ֆիլմերում, ստեղծել է տասնյակ դերեր հեռուստաներկայացումներում, մասնակցել է ռադիոհաղորդումների: Այսօր շատերը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»։