Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին. «Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»

26 Մայիսի 2023, 10:00

Կարծիք

Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ», գրում է Ermenihaber.am-ը։

Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

«Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք «Թյուրքական պետությունների կազմակերպություն», միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը։

Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքով ստեղծված Միջին միջանցքով»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, թե «թյուրքական ճանապարհը» անցնում է   Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։ 

«Քըլըչդարօղլուն դուրս եկավ եթեր՝ ձեռքին մի քարտեզ։ Ի՞նչ է ասում։ Ասում է՝ ահա իմ նոր նախագիծը։ Նայում ենք՝ ջան Ադրբեջանը շրջանցվել է։

Եղբայրական Ադրբեջանից ի՞նչ ես ուզում հա՛րգարժան Քըլըչդարօղլու։ Ի՞նչ ես ուզում ջան Ադրբեջանից։ Ի՞նչ խնդիր ունես ադրբեջանցի եղբայրների հետ»,-հարցրել է Չավուշօղլուն: