Արցախի վերջին էջը չի փակվել․ Թբիլիսիում հայերը ցույց են անցկացրել ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց

28 Հունվարի 2024, 20:05

Քաղաքականություն

Հունվարի 27-ին և 28-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ եվրոպական 55 քաղաքներում անցկացվել են տարբեր միջոցառումներ: Թբիլիսիում, ինչպես ստեղեկացնում են Վրաստանում հայերի միությունից, ևս կայացել է ցույց Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։

Ցույցի մասնակիցներն իրենց պահանջներն են ներկայացրել, որոնք նշված էին պաստառներին, նաև ուսանողներն անգլերենով կարդացել են դիմումը, որը նամակի տեսքով փոխանցվելու է Եվրոմիության ներկայացուցչությանը։

Բացի այդ, ակցիայի ընթացքում կազմակերպիչներն ընթերցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձն՝ ուղղված միջոցառման մասնակիցներին։

«Այս ուղերձը ևս մեկ ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել և պայքարը շարունակվում է»,- ասված է միության հայտարարությունում։