Black Alley հիփ-հոփ բենդը Հայաստան կժամանի

26 Մայիսի 2023, 17:42

Մշակույթ

Հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Black Alley բենդը, որը հիմնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնի է երաժշտարվեստում ռիթմի առավելագույն սահմաններին ձգտելու իր մղումներով։ Ժանրից ժանր անցնող նրանց կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում՝ աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։

Black Alley բենդը նույն բեմում հանդես եկել Էրիկա Բադուի, Ջիլ Սքոթ, Քոմոնի, Ռոբ Գարզայի (Thievery Corporation-ից), Վեյլի և Living Colour բենդի հետ։ Բենդը նաև հանդես է եկել Սպիտակ տանը։ «Վաշինգտոն պոստը» բենդի մասին գրել է․

«Խումբ, որ արմատներով սնվում է վաշինգտոնյան գո-գո միջավայրից և այնքան վառ է ու կենսուրախ, որ կարողանում է անմիջապես դառնալ երեկոյի շունչն ու ոգին»։