«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել. Դատախազություն
30 Հունվարի 2024, 17:00
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավարի դիմումը՝ կապված Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դիմումին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարը դիմել է գլխավոր դատախազին՝ շրջափակված «Լենինգրադի երեխաներին» հուշարձանը պղծելու հարցով քննություն անցկացնել և իրավական գնահատական տալ քաղաքացի Սամվել Շիրանյանի գործողություններին, որը ցուցադրաբար պոկել և տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված հուշարձանի պղծման վերաբերյալ։
ՌԴ դեսպանությունը դատապարտել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ վանդալիզմը: