ՌԴ դեսպանությունը դատապարտել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ վանդալիզմը
30 Հունվարի 2024, 16:20
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի ակտը։ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է.
«Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ ծաղր այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի հանդեպ։ Տեսանյութի հեղինակը ոտնատակ է արել ոչ թե հուշահամալիրում դրված ծաղկեպսակները, այլ հարգանքն ու երախտագիտությունը հայ ժողովրդի այն լավագույն հատկանիշների նկատմամբ, որոնք խորհրդանշում էին դրանք։
Գլխում չի տեղավորվում անբարոյականության աստիճանը այն մարդկանց, ովքեր հրապարակավ ու բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների ու նրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակը։ Ըստ հետազոտողների՝ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, իսկ տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
Ուրախ ենք, որ հայ հասարակությունը կիսում է մեր գնահատականը, ինչի մասին է վկայում սոցցանցերում այս զազրելի արարքի վերաբերյալ զանգվածային վրդովմունքը։
Դեսպանությունը հույս է հայտնում, որ այս գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից կստանան համապատասխան իրավական գնահատական, իսկ այս սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։