Տիգրան Խանջարյանը մասնակցել է բելգիական «Starmaker» շոուին ու հայտնվել եզրափակչում․ երգիչն՝ իր ակնկալիքների մասին

08 Փետրվարի 2024, 10:34

Մշակույթ

Երգիչ Տիգրան Խանջարյանը հայտնվել է բելգիական «Starmaker» շոուի եզրափակչում։ Մրցույթը, որը բրիտանական նախագծի նախատիպն է, անցնում է մի քանի փուլով, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց ելույթներով նմանակում են փոփ երաժշտության աստղերին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Տիգրանը նշել է, որ, ըստ մրցույթի կանոնների, «մասնակիցները պետք է փորձեն վերարտադրել իրենց բաժին ընկած հայտնի  երգիչների ստեղծագործությունները եւ իրենց կատարումներով հուզել հանդիսատեսին»։

Երգիչը մրցույթում հայտնվել է մայրիկի շնորհիվ, որը, առանց նրան տեղյակ պահելու, լրացրել է մասնակցության հայտը։

«Պատկերացրեք՝ ինչպիսին էր զարմանքս, երբ բելգիական հայտնի հեռուստաալիքը կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ընտրվել եմ հաղորդման նախընտրական փուլի համար եւ պետք է գնամ հանդիպման՝ ներկայացնելու իմ երաժշտական կարողությունները։ Իրոք շատ չսպասված եւ հաճելի անակնկալ էր»,- ասել է Տիգրանը:

Մինչ հաղորդմանը մասնակցելը, նա անցել է երկու նախընտրական փուլերով, որտեղ ներկայացրել է Շառլ Ազնավուրի, Ջոնի Հալիդեյի եւ մի շարք այլ հայտնի երգիչների ստեղծագործություններից։ 

«Ոգեւորված էի, քանի որ առաջին անգամ էի նման մրցույթի մասնակցում։ Ավելի քան 3500 թեկնածուներից ընտրվեցին միայն 72-ը»,-նշել է երիտասարդ երգիչը։

Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր շոուին մասնակցում է չորս եռյակ․ ամեն եռյակ ներկայացնում է մեկ երգչի։ Եռյակները հաջորդում են մեկը մյուսին, եւ մեկի հաղթողը շարունակում է մրցույթը մյուս եռյակիների հաղթողների հետ։ Եզրափակչում ժյուրին,  ինչպես նաեւ դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը, պետք է քվեարկի իր ընտրած թեկնածուի օգտին:

Մրցույթում հրավիրված է միջազգային ժյուրի, որի կազմում են իսպանացի դերասանուհի, ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Մարիա Դել Ռիոն, ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի Անգունը, իսպանացի դերասան եւ երգիչ Ագուստին Գալիանան, ինչպես նաեւ ֆրանսիացի դերասան, երգիչ Միկայել Գրեգորիոն, որը հայտնի է աստղային նմանակումներով։ Շոուի հանդիսավարը ճանաչված բելգիացի հաղորդավար Սանդրին Կորմանն է։ 

Երգչի խոսքով՝ մրցույթի մասնակցության ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչը գոտեպնդել է իրեն եւ ոգեւորել։ Խոսելով ակնկալիքների մասին՝ նա նշել է․

«Եզրափակչում լինելով՝ պարտավորված եմ զգում՝ թե իմ ազգի, թե իմ առջեւ, քանի որ յուրաքանչյուր հայի համար իր ազգակցի նվաճումը մեծ հպարտություն է։ Հաղթողի համար, որպես մրցանակ, նախատեսված է որոշակի գումար, բայց դա էական չէ, կարեւորը  բելգիական ամենամեծ  շոուին մասնակցելն է, որտեղ քեզ դիտում են 20-25 000 հանդիտատես։ Հաղթելու դեպքում  ես ինձ երջանիկ կզգամ, որ ազգիս  հպարտանալու առիթ եմ տվել։ Աստված առաջ»,- եզրափակել է երիտասարդ երգիչը: