Ռուս պատգամավորը պատմել է իր հայ ազգականների մասին
13 Փետրվարի 2024, 00:53
ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր հայ հարազատների մասին։
Նա նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքը մասամբ իր պատմական հայրենիքն է։ Վերջերս Միլոնովը շրջել է Երևանում՝ փնտրելով իր նախապապի տունը։ Վերջինս ժամանակին ապրել է կենտրոնում՝ Ալավերդյան փողոցում (ներկայումս՝ Հանրապետության- խմբ.)։
«Դա «Երևան» կինոթատրոնի հաջորդ շենքն է։ Այնտեղ հիմա ինչ-որ նոր շինություն է։ Այնտեղ է ծնվել և ապրել իմ պապիկը, իմ ամբողջ ընտանիքը։ Իսկ նախապապս դատավոր է եղել Էրիվանում՝ Վասիլի Օսիպով։ Նա այստեղ ապրել է կնոջ՝ Կլավդիայի հետ»,-ասել է Միլոնովը։
Նրանք ունեցել են 6 երեխա, նրանց մի մասը մնացել է Հայաստանում։ Դրա համար էլ Միլոնովի զարմիկը, ինչպես և նրա ազգականները, հայեր են։
«Այ այդպիսի հայկական ընտանիք ունեմ»,-ասել է Միլոնովը։
Նա նշել է, որ սիրում է պարբերաբար Հայաստան գալ՝ ազգականներին և մտերիմներին այցելելու։
2022 թվականին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Միլոնովին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ է շնորհել: