Ժամանակակից հումորի վառ գուրու, որ ստեղծեց իր սեփական կերպարը մեդիայում․ Գարիկ Մարտիրոսյան

14 Փետրվարի 2024, 21:28

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 14-ին հայտնի ու տաղանդավոր շոումեն, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը նշում է ծննդյան 50-ամյակը։

Հումորիստը ծնվել է 1974 թվականի փետրվարի 14-ին ջերմ ու հյուրընկալ Երևանում՝ ինժեներ-մեխանիկ Յուրի Միխայլովիչի և բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր Ժասմին Սուրենովնայի ընտանիքում։

Գարիկը մեծացել է Երևանում, ավարտել Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ նյարդաբան-հոգեթերապևտի մասնագիտությամբ։

Նշենք, որ ստեղծագործական բնավորությունը դրսևորվել է բավականին վաղ։ 1993 թվականին նա միացել է Բժշկական ինստիտուտի «Նոր հայեր» ՈւՀԱ թիմին, իսկ հետագայում արդեն թիմի ավագն էր։

«Նոր հայերը» Մարտիրոսյանի գլխավորությամբ 1997 թ-ին դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն, ամառային գավաթի կրկնակի հաղթող և «Voting KVN»-ի հաղթող։

Հետագայում Գարիկը դարձել է Սոչիի «Արևից հոգնածները» թիմի պրոդյուսեր և սցենարիստ, որտեղ ծանոթացել է Միխայիլ Գալուստյանի հետ, որից հետո նրանք համատեղ ստեղծել են «Նաշա ռաշա» նախագիծը։

Տաղանդավոր հայը արագ նվաճում էր ժողովրդի սերը։ Գարիկի կարիերան արագ զարգացավ, արդեն 2000-ականների սկզբին նա սկսել է համագործակցել TNT հեռուստաալիքի հետ, Արթուր Ջանիբեկյանի հետ միասին նրանք ստեղծեցին լեգենդար «Comedy Club»-ը, որը Ռուսաստանում դարձավ նոր սկիզբ և ժամանակակից հումորի մի ամբողջ դարաշրջան:

Գարիկ Մարտիրոսյանը նաև հաղորդավար է, հիանալի պրոդյուսեր, շոումեն և դերասան։

Նա առանձնահատուկ սեր ունի Հայաստանի հանդեպ։ Պաշտում է հայրենիքը և փորձում է ընտանիքի հետ որքան հնարավոր է հաճախ գալ Հայաստան։ Նա նաև հայրենիքի հանդեպ իր սերը փոխանցել է զավակներին, որոնք հիանալի տիրապետում են հայերենին և ազատ հաղորդակցվում են։

Մարտիրոսյանը միշտ ջերմությամբ ու մեծ սիրով է խոսում Հայաստանի մասին՝ ցանկանալով, որ իր երկիրը բարգավաճի և ապրի խաղաղ երկնքի տակ։