Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքը՝ Դոնի Ռոստովում

18 Փետրվարի 2024, 14:00

Մշակույթ

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբան։

Արարողության ընթացքում հնչած ելույթներում շատ բարձր է գնահատվել հայ լեգենդար հետախույզի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում, այդ թվում՝ նրա վճռորոշ դերակատարումը պատերազմի հաղթական ելքում։

Արարողության ավարտին մեկնարկել են թանգարանի կառուցման աշխատանքները։

4 հարկանի թանգարանը կառուցվում է Դոնի Ռոստովի Սերաֆիմովիչի անվան փողոցում, հարևանությամբ շատրվանով պուրակ է լինելու։

Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում։ Եղել է Խորհրդային միության հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային միության հերոս։

Նա 16 տարեկան է եղել, երբ կյանքը կապել է խորհրդային հետախուզության հետ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին: