Կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ. Մայք Սարյան
01 Մարտի 2024, 22:35
Հայերն ԱՄՆ-ում պետք է լավ հարաբերություններ հաստատեն թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների հետ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հասարակական գործիչ, բարեգործ, բժիշկ Մայք Սարյանը:
«Մենք ԱՄՆ-ում փոքր համայնք ենք, այստեղ ապրում է 2,5 միլիոն հայ: Կալիֆորնիայի նահանգում, որտեղ կա 900 հազար հայ, ինչպես նաև Նյու Ջերսիում, Միչիգանում, Մասաչուսեթսում կարող ենք ինչ-որ դեր խաղալ, ինչ-որ բան փոխել ընտրություններում, բայց էլի մեր թիվը քիչ է։ Այսինքն՝ հրեաների պես չենք, որ 20 միլիոն հրեա կարողանա ընտրության արդյունքները փոխել: Դրա համար պետք է լավ հարաբերություններ ունենանք թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների հետ: Ես՝ ինքս, լավ հարաբերություններ եմ հաստատել Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ»,- նշել է Մայք Սարյանը:
Նրա կարծիքով՝ ընտրություններում նոր մարդ է պետք, Բայդենը ու Թրամփը այնքան էլ լավ թեկնածուներ չեն։
«Ինչպես գիտեք, Քենեդիները հայտնի ընտանիք են, բավականին հայասեր են և միշտ հայերի հետ են եղել: Կարծում եմ՝ երրորդ անձն ավելի հարմար կլինի ընտրությունների համար: Մենք՝ հայերս, պետք է լավ հարաբերություններ հաստատենք Քենեդու հետ, նա էլ հայտարարել է, որ կկանգնի հայության կողքին՝ Հայաստանի ապահովության ու Արցախի ժողովրդի վերադարձի համար: Ես իրենց ասել եմ, որ պետք է հայտարարություն անել այդ մասով, որովհետև մեզ համար կարևոր է այս թեման: Որպես հայության ու Հայաստանի բարեկամ՝ Քենեդուն խորհուրդ տվեցի, որ խոսի Հայաստանի անձեռնմխելիության մասին, նույնիսկ մեկ մետր չպետք է տրվի թշնամուն: Դա հայկական հող է, որը հայությանն է պատկանում»,- ասել է մեր զրուցակիցը:
Սարյանն նաև ահազանգել է՝ այսօր Հայաստանը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։
«Ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն, Ամերիկան պետք է իրենց ասի, որ հետ քաշվեն: Արցախը հայությանն է, Ադրբեջանինը երբեք չի եղել, նույնիսկ Սովետական Միության ժամանակ Ադրբեջանին չեն պատկանել այդ հողերը: Ինչո՞ւ մենք այդ հողերը պիտի տանք ադրբեջանցիներին, երբ 100 հազարից ավելի մարդ խղճալի վիճակում է Հայաստանում:
Ցեղասպանությունը մեզ համար կարևոր թեմա է, բայց կարծում եմ՝ այսօրվա հարցը հավասար է Ցեղասպանության հարցին, դա կենաց-մահու հարց է: Եւ հիմա էլ կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ»,- եզրափակել է Մայք Սարյանը: