«Զվարթնոց»-ում ՀՀ սահմանապահները հսկողություն կարող են իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության. Փաշինյան

12 Մարտի 2024, 12:40

Քաղաքականություն

Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,-ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության:

Խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մասնակցության «սառեցման» մասին՝ Փաշինյանն ասաց․

«Մենք փաստացի սառեցրել ենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում նիստերին։ Ակնկալում ենք միայն մեկ հարցի պատասխան՝ ո՞րն է կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Բոլոր խնդիրները սկսվեցին այն պահից, երբ Երևանը բարձրացրեց այս հարցը»։

Նա նաև չբացառեց ՀԱՊԿ-ից դուրս գալը։

«Ե՞րբ, չեմ կարող ասել»,- նշել է Փաշինյանը

Հիմա եթերում