Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանի՝ Հայաստանից ելքն արգելված է եղել, բայց քննիչը վերանայել է որոշումը. Alpha News-ի աղբյուր

13 Մարտի 2024, 21:38

Քաղաքականություն

Alpha News-ի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի ելքը Հայաստանից նախ արգելված է եղել, ապա Քննչական կոմիտեում բացատրություն տալուց հետո նրան թույլատրվել է հատել ՀՀ սահմանը:

Գեղամ Ստեփանյանը փորձել է արտերկիր մեկնել, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան տեղեկացվել է, որ քննիչի որոշմամբ արգելված է նրան երկրից բացակայել: Մեր տեղեկություններով՝ այս դեպքը տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում:

Ըստ մեր աղբյուրի՝ Գեղամ Ստեփանյանը ներկայացել է Քննչական կոմիտե, բացատրություն տվել, ինչից հետո միայն քննիչը փոխել է խափանման միջոց բացակայելու արգելքը եւ թույլատրել նրան երկրից դուրս գալ:

Մենք տեղեկացանք նաեւ, որ հարուցված վարույթի շրջանակում Արցախի պատգամավորներից շատերի ելքի վրա արգելք կա: Թե ինչ վարույթի շրջանակում են արգելել Արցախի պատգամավորներին դուրս գալ Հայաստանից՝ առայժմ պարզ չէ:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Գեղամ Ստեփանյանին արգելվել է Հայաստանի տարածքը լքել ինչ-որ քրեական վարույթի շրջանակում: Թերթն ավելի վաղ էլ հայտնել էր, որ Արցախի պատգամավորներին հարցաքննության են հրավիրում Քննչական կոմիտե՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառները պարզելու համար:

Alpha News-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Հայաստանից դուրս գալու արգելք բացի Գեղամ Ստեփանյանից ունեցել են նաեւ այլ պատգամավորներ:

«Գեղամ Ստեփանյանի հետ նման խնդիր եղել է, բայց մեծ դժվարություններից հետո նրան հաջողվել է հատել սահմանը: Կարելի է ենթադրել, որ բոլորն էլ ունեն այդ խնդիրը եւ առաջին անգամ անակնկալի են եկել օդանավակայանում դրա մասին լսելով»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Քննչական կոմիտե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների շուրջ հարցաքննության Մետաքսե Հակոբյանը չի հրավիրվել, բայց պատգամավորի փոխանցմամբ՝ իր գործընկերներից մի քանիսը կանչվել են Քննչական կոմիտե:

«Ինչքանով տեղյակ եմ Քննչական կոմիտե հրավիրվածները իշխանական թեւից են եղել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Արցախի Ազգային ժողովի մեծամասնության՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հարցաքննության չի հրավիրվել, իսկ խմբակցության մյուս պատգամավորների վերաբերյալ տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գալու արգելքին, ապա Արամ Հարությունյանը Արցախից բռնագաղթելուց հետո Հայաստանից դուրս գալու փորձ չի արել, հետեւաբար չգիտի՝ իր ելքն արգելվա՞ծ է, թե՝ ոչ:

Հիմա եթերում