Հայաստանին ԵՄ հրավիրելու նպատակը Երևանի «վերակողմնորոշումը ամրացնելն» է. Կոնստանտին Զատուլին

14 Մարտի 2024, 18:34

Քաղաքականություն

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հրավերը ԵՄ՝ այդ առաջարկը կապելով Երևանի «վերակողմնորոշումը ամրացնելու» Արևմուտքի ցանկության հետ:

«Դա կպահանջի վերանայել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և այդ միության շրջանակներում նրա մասնակցությամբ կնքված համաձայնագրերը», — ասել է նա:

Զատուլինի խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք մի քանի շաբաթ առաջ Ուկրաինայի հաղթանակի կոչով բանաձև են ընդունել, որպեսզի «ապաիմպերիալիզացնել, ապագաղութացնեն և ապաֆեդերալիզացնեն Ռուսաստանը», փլուզեն այն որպես պետություն, որոշում են կայացնում հրավիրել Հայաստանին կամ դրդել դրան։

«Նրանք Ռուսաստանին դիտարկում են որպես թշնամի։ ՀՀ հրավերը կապված է ոչ թե հենց ԵՄ-ի համար Հայաստանի արժեքի հետ, այլ իրավիճակից օգտվելու ցանկության, Փաշինյանի կառավարության վարքագծի հետ՝ ՌԴ-ից դեպի Արևմուտք Հայաստանի վերակողմնորոշումն ամրացնելու համար։ Այդ ճանապարհով է գնում Փաշինյանի կառավարությունը, և դա ԵԽ-ի կողմից խաղ է», — ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն օգտագործում է Հայաստանի իշխանությունների ռուսատյաց պահվածքը։

«Բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ նախարարը խոսում էր Հայաստանի Եվրոպական նկրտումների մասին։ Խոսքը Հայաստանի և Եվրախորհրդարանի խաղի մասին է։ Նրանք իրենց մտադրությունները գովազդում են հետխորհրդային տարածքում ՀՀ և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու ֆոնին։ Այս ամենը ռուսատյացության հողի վրա խմորված արարք է, ռուս-հայկական հարաբերությունները դավաճանող ՀՀ իշխանությունների վարքագծից օգուտ քաղելու փորձ»,- եզրափակել է Զատուլինը։