Կանցնի ժամանակը և Բաքուն նոր լրացուցիչ պահանջներ կառաջադրի. Ալեքսանդր Ցինկեր
26 Մարտի 2024, 21:46
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը Ռուսաստանում հայկական սփյուռքի մասին, ինչպես նաև Բաքվի նոր պահանջներն ու մեղադրանքները։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող հասնել այնպիսի բացասական մակարդակի, որ դա ուղղակիորեն անդրադառնա հասարակ քաղաքացիների վրա։
«Պեսկովի ելույթը խոսում է այն մասին, որ ամեն ինչ կորած չէ, եկեք փորձենք անցնել այս ծանր շրջանը և գտնել երկու պետությունների համակեցության սկզբունքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայկական Սփյուռքին, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են հասնել այնպիսի բացասական մակարդակի, որ դա ուղղակիորեն ազդի հասարակ քաղաքացիների վրա, որ նրանք ամաչեն հայկական ազգանուն ունեն և ապրում են Ռուսաստանում։
Չեմ զարմանա, որ կան Ռուսաստանում ապրող հայազգի խոշոր հասարակական գործիչներ, որոնք դժգոհ են այն քաղաքականությունից, որը վարում է Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, և կան նրանց աջակցողներ։ Դա նորմալ երևույթ է, բայց ես չեմ կարծում՝ կհասնի նրան, որ Ռուսաստանում սկսեն ճնշել հայ գործարարներին և հասարակ մարդկանց», — ասել է Ցինկերը։
Խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին՝ փորձագետն ասել է, որ Բաքուն իրեն հաղթող է համարում, ուստի փորձում է ուժի տեսանկյունից թելադրել իր պայմանները։
«Հասկանալով, որ բոլորն ակնկալում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի առաջխաղացում, Ադրբեջանն ամեն անգամ նոր լրացուցիչ պահանջներ է ներկայացնում։ Ես կարծում եմ, որ սա վերջը չէ, կանցնի ժամանակը և Բաքուն նոր լրացուցիչ պահանջներ կառաջադրի։
Այս իրավիճակում Հայաստանը պետք է որոշի իր կարմիր գիծը, քանի որ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին, մենք չպետք է մոռանանք այս մասին։ Ադրբեջանը շարունակում է նման ակտիվ, ագրեսիվ բանավեճը և Հայաստանի ղեկավարությանը հայտարարում է, որ եթե դուք զիջումների չգնաք, ապա մենք պատրաստ ենք կրկին փորձել խնդիրը լուծել ռազմական գործողությունների միջոցով։ Դա վտանգավոր է: Նրանք կարծում են, որ իրենք հաղթել են և անընդհատ փորձելու են բանակցել ուժի դիրքերից։ Ուստի երկու կողմերի միջև առանց երրորդ անձանց ներկայության բանակցություններ վարելու գաղափարը վտանգավոր է Հայաստանի համար։
Որքան հասկանում եմ, Ադրբեջանն այնքան էլ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, նա հասկանում է, որ կարող է ավելի ու ավելին պահանջել։ Այսօր նրանք գյուղ են պահանջում, հետո միջանցք, հետո Սահմանադրությունը փոխել, հիմնը, դրոշը, զինանշանը, դա երբեք չի ավարտվի։ Ամեն ինչ պետք է ի մի բերել , այն ամենն, ինչ անիրատեսական է, պետք է դեն նետել, իսկ ինչ-որ վիճելի հարցերի շուրջ կարելի է փորձել ինչ-որ բան լուծել»,- նշել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է լուրերին, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետախուզում է հայտարարել 1990 թվականին իբր ցեղասպանություն իրականացրած 18 անձանց նկատմամբ, փորձագետն ասել է, որ դա նման է ագրեսիայի առիթ փնտրելուն:
«Ինձ իսկապես դուր չի գալիս, երբ ինչ-որ գյուղում կամ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները կոչում են ցեղասպանություն։ Ցեղասպանությունը կոնկրետ հասկացություն է, որը ներկայացվել է փաստաբան Ռաֆայել Լեմկինի կողմից հենց այն տեղեկատվության հիման վրա, որը նա հավաքել է 1915 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հետևաբար, եթե նույնիսկ որևէ գյուղում բախում է տեղի ունեցել կամ նույնիսկ 20-30 հոգու սպանություն է տեղի ունեցել, ապա ասել, որ դա Ցեղասպանություն է, պարզապես բառախաղ է։
Տարօրինակ է խոսել այս մասին հիմա, եթե ինչ-որ մեկը երկրների միջև հարաբերությունների բարդացման առիթ փնտրի, կամ ագրեսիայի առիթ, կամ լրացուցիչ պահանջներ ներկայացնելու առիթ, ապա նույն հաջողությամբ կարելի է ինչ-որ տեղեկություններ գտնել, որ Ադրբեջանի կողմից էլ ագրեսիայի գործողություններ են եղել ինչ-որ հայկական գյուղերում», — եզրափակել է Ցինկերը։