Այս ամենը դիվանագիտական խաղ է. Պյոտր Կոլչինը՝ Բաքվի հայտարարությունների մասին
01 Ապրիլի 2024, 21:56
Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության նոր սրման հավանականությունը Բաքվից ստացվող տեղեկությունների ֆոնին, թե իբր հայկական կողմը սահմանին կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում։
Փորձագետի կարծիքով՝ այս ամենը դիվանագիտական խաղ է՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն բանակցային դիրք։
«Սահմանազատման հարցը պահանջում է շատ զգույշ և հավասարակշռված պլանավորում։ Իհարկե, և՛ Բաքուն, և՛ Երևանը փորձում են այդ գործընթացն իրականացնել իրենց համար նվազագույն ռիսկերով։ Եվ դրա համար փորձում են միմյանց մեղադրել էսկալացիայի և այլ գործողությունների մեջ։ Այս ամենը դիվանագիտական խաղ է՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն բանակցային դիրք։ Բայց ես վստահ չեմ, որ դա կարող է հանգեցնել ուղղակի կոնֆլիկտների։
Դեռևս բանակցային գործընթացը շարունակվում է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրան։ Մյուս բոլոր խաղացողներն, այլ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, ուշադիր հետևում են այս գործընթացին և կփորձեն կայունացնել իրավիճակը»,- ասել է Կոլչինը։
Ինչ վերաբերում է հենց զորքերի կուտակմանը, որի մասին խոսում է Ադրբեջանը,քաղաքագետը չի կարծում, որ դա կարող է պատերազմի պատճառ լինել։
«Իհարկե, Ադրբեջանը կարող է իր զորքերը բերել սահման, բայց այստեղ ավելի շատ հարցը սահմանագծումն է, որին Երևանը սկզբունքորեն գնում է և այսպես թե այնպես, գործընթացը կիրականացվի ։ Առայժմ չկան կրիտիկական կետեր, որտեղ կողմերը տարաձայնություններ ունեն։ Եվ մինչ այժմ չկան ակնհայտ գործոններ, որոնք կարող են կրկին բորբոքել իրավիճակը»,- եզրափակել է Կոլչինը։