«Հարազատս հյուսիսից». Քաղաք Կալինինգրադ
14 Ապրիլի 2024, 14:00
Alpha News-ի նոր նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ը, ներկայացնում է Եվրոպայում գտնվող ռուսական կղզին՝ Կալինինգրադը:
Կանտի տաճարը Կալինինգրադի այցեքարտն է: Այնտեղ ապրել և ստեղծագործել է աշխարհի մեծագույն փիլիսոփաներից Իմանուիլ Կանտը: Կալինինգրադում է գտնվում նաև նրա գերեզմանը, և դա է եղել միակ պատճառը, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային զինվորները հիմնահատակ չեն քանդել այդ տաճարը: Պրեգոլյա գետն է հոսում տաճարի չորս կողմով, և եթե նայենք թռչնի թռիչքի բարձրությունից, կտեսնենք՝ տաճարի տարածքը կտրված է Կալինինգրադի հիմնական մասից: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այն կղզու մեջ է:
Կալինինգրադի մեր հայրենակիցների ջանքերով՝ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Կանտի տաճարում տեղի է ունեցել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի միջոցառում:
Կալինինգրադում հայկական եկեղեցի կառուցելու գաղափարը համայնքի պատվավոր նախագահ Յուրի Քաջոյանինն է: Նրան օգնել են քաղաքի մյուս հայերը: Հայկական եկեղեցի կառուցել Քաջոյանին պատգամել էր հայրը:
«Կալինինգրադը յուրահատուկ գեղեցկություն, համ ու հոտ ունի, այստեղի հայությունն էլ ինտելիգենտ, հավատացյալ, Աստծուն նվիրված, խոնարհ ժողովուրդ է»,- ասում է Կալինինգրադի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հայր Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը:
Նա ամեն անգամ զարմանում է՝ որքան անսպասելի պահերի կարող է պետք գալ քահանայի օգնությունը հայրենակիցներին:
Կալինինգրադի հայկական կիրակնօրյա դպրոցում հանգստյան օրերին իսկական հայկական եռուզեռ է: Այստեղ են գալիս մեր՝ փոքր ու մեծ հայրենակիցները՝ սովորելու հայոց լեզու, հայոց պատմություն, հայկական պարեր: Կալինինգրադի հայկական դպրոցը գրավում է նաև այնտեղ ապրող օտարեկրացիներին, և իրենց միջոցառումները դպրոցի մեծ դահլիճում կազմակերպում են նաև այդ քաղաքում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները:
Կալինինգրադի հայկական կիրակնօրյա դպրոցի սան Անգելինա Բադալյանն իր մայրենի լեզվի մասին Alpha News-ի համար մի բանաստեղծություն է արտասանել.
«Հայերենն այնքան անուշ է, այնքան քնքուշ է,
Սարերից եկող առվակի նման, ծովերից փչող հովերի նման,
Բնության կանչ է, հոգու ղողանջ է:
Մայրենի լեզուն աշխարհում այս մեծ մեր հենարանն է,
Մոր նման մեզ հայրենիք կանչող մեր օթևանն է»: