Ո՞վ է միգրանտը. մինչ օրս Ռուսաստանի օրենսդրության մեջ չկա նման հասկացություն. Ռուբեն Կիրակոսյան

17 Ապրիլի 2024, 19:30

Քաղաքականություն

Պետդումա է ներկայացել մի օրինագիծ, որ Ռուսաստանի իշխանություններին թույլ կտա մարդկանց զրկել քաղաքացիությունից, այդ թվում՝ նրանց, որոնք չեն ծնվել ՌԴ-ում և հետագայում են քաղաքացիություն ձեռք բերել: Ներկայացված օրինագծի մասին Alpha News-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի մարզի պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

«Այդ օրենքը գնալով խստացնելու են, դա նոր տենդենց է: Կարծում եմ՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ ձևով իր տեսակետը պարզել՝ ոնց է նա տեսնում նորեկներին, նոր քաղաքացիներին: Այդ հարցերը մինչ օրս երբեք չեն եղել օրենսդրության կենտրոնում: 1990-ականներին շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ ՌԴ քաղաքացիություն էին ստանում ոչ օրինական ճանապարհով: Այն ժամանակ օրենքն այդպես խիստ չէր:

Եթե քաղաքացիություն ստացել է անօրինական ճանապարհով, պետք է նրանց ամբողջ կենսագործունեությունը վերանայվի: Խոսքն այն համակարգի մասին է, որն աշխատելու է ոչ թե մասսայական, այլ անհատական: Եթե որևէ քաղաքացի առնչվի պետական մարմնի հետ, եթե կասկած առաջանա, ոստիկանությունն իրավունք ունի այդ անձին հսկել, որևէ գնահատականներ տալ»,- ասել է Ռուբեն Կիրակոսյանը:

Փաստաբանը նշել է, որ հայերը Ռուսաստանում համեմատաբար ավելի կարգապահ են իրենց պահում։

«Մեր հայրենակիցների շրջանում չեմ հանդիպել մասսայական խախտումների՝ քաղաքական տեսանկյունից: Հայերը ավելի շատ խախտում են թույլ տալիս կենցաղային հարցերում: Նրանք Ռուսաստանում ավելի հավասարակշռված են իրենց պահում»,- ասել է մեր զրուցակիցը:

Փաստաբանը նշել է ամուսնության միջոցով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները։

«Ուսումնասիրվելու է հատուկ գրանցում կամ քաղաքացիություն ստանալու համար ՌԴ քաղաքացու հետ ամուսնությունը՝ արդյոք դա իրակա՞ն է, թե՞ ոչ: Այդ դեպքում կան որոշ կետեր, մասնավորապես՝ որպես ընտանիք արդյոք նրանք միասին են ապրում՝ ամուսնությունը գրանցելուց մեկ կամ երկու տարի անց: Նախկինում ուղղակի ամուսնությունը տեղով քաղաքացիության հիմք էր: Պետք է 3 տարի միասին ապրեին, որ կարողանային քաղաքացիություն ստանալ: Ժամանակավոր կացություն կարելի է ստանալ, բայց դա էլ կարելի է չեղարկել, եթե 3 տարվա ընթացքում զույգը բաժանվել է, ընտանիքը չի կայացել»,- ասել է փաստաբանը:

Ռուբեն Կիրակոսյանի խոսքով՝ մինչ օրս Ռուսաստանի օրենսդրության մեջ չկա «»միգրանտ» տերմինի բացատրություն, ուղղակի ասում են՝ «օտար պետության քաղաքացի»։

«Արդեն 20 տարի է՝ Ռուսաստանը չի կարողանում հասկանալ միգրացիայի տենդենցը՝ ընդունի՞ նրանց, թե՞ չընդունի, կա ում ընդունի, ում՝ ոչ: 100-ից ավելի անգամ այդ օրենսդրությունը փոխվել է ու մինչ օրս Ռուսաստանի օրենսդրության մեջ չկա հասկացություն՝ ով է միգրանտը: Կա միգրացիա տերմինը, խստացումներ, արտոնություններ կան, բայց թե ով է միգրանտը, չկա օրենքում: Այստեղ գործում է «Օտար պետության քաղաքացիների կարգավիճակի» մասին օրենք, նկատենք՝ քաղաքացիների և ոչ միգրանտների»,- ասել է Ռուբեն Կիրակոսյանը: