Դա մեր պետականության տապանաքարն է. տավուշցիները` Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին

24 Ապրիլի 2024, 17:01

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սահմանային առաջին հենասյունը մեր պետականության տապանաքարն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, որն այս օրերին ակցիաներ անող տավուշցիներից մեկն է։

Փաշինյանն ապրիլի 23-ին ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

«Հրապարակելով սահմանային առաջին հիմնասյան լուսանկարը` ՀՀ իշխանությունն ուզում է մարդկանց մեջ պաշտպանունակությունը, պայքարը կոտրել, գոյության բնազդը մարել»,– ասաց Ղազարյանը։

Նա վստահ է` եթե առանց հոգնելու պայքարենք, ապա արդյունք անպայման կլինի։

«Մեր պահանջն է հետ կանգնել այդ պարտվողական, նահանջողական քաղաքականությունից։ Ամեն ինչ պետք է անենք, որ իշխանությունները չհանձնեն մեր հայրենիքը, հետ կանգնեն, իսկ եթե դա չեն անում, հեռանան։ Այդ երկու տարբերակի համար ենք մենք պայքարում»,– նշեց նա։