Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
26 Ապրիլի 2024, 13:50
Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներից հետո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձն իր բնօրրան։
Միջոցառումը բացվեց Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու առաջնորդների պատգամով, որով կոչ արվեց երիտասարդներին շարունակել պայքարը հանուն հայության արդար պահանջատիրության:
«Հայ երիտասարդները պետք է շարունակեն պայքարը հանուն մեր ժողովրդի արդար դատի: Հա՛յ ժողովուրդ, եկել է ժամանակը արթնանալու և ուս ուսի տված կանգնելու, որպեսզի մեկ բռունցք դառնանք մեր ինքնության համար»,- ասված է պատգամում։
Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կազմակերպությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է․ «Ինչո՞ւ էր 1915-1923 թվականներին թուրքական պետությունը ձգտում ոչնչացնել հայերին, ասորիներին և հույներին, որովհետև ցանկանում էր իրականացնել իր պանթուրքական երազանքը՝ վերացնել հեգեմոն գաղափարախոսության դեմ արտահայտվող ցանկացած խմբավորման և բոլորին պարտադրել պատմության միասնական տեսլական»։
Անդրադառնալով ժխտողականության մեխանիզմներին, որոնցով արդարացվում են մարդկության դեմ հանցագործությունները՝ հայտարարության հեղինակները նշել են, որ ցեղասպանները միշտ հերքելու են իրենց արարքը՝ ժխտելով, որ դա ցեղասպանություն էր, և միշտ կփորձեն մեզ բաժանել՝ համոզելու, որ զոհերն արժանի էին դրան։
«Անցել է ավելի քան հարյուր տարի, և Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունն իր ուժային խմբերի և զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ: Բայց ոչ միայն ժխտում է տեղի ունեցածը, այլև շարունակում է հալածանքի, ճնշումների և բնաջնջման նույն քաղաքականությունը բուն Թուրքիայում և տարածաշրջանում ապրող ժողովուրդների նկատմամբ, հատկապես այն երկրներում, որոնք գտնվում են պանթուրքիստական ծրագրի իրականացման ճանապարհին, ինչպես օրինակ հայ ժողովրդի դեպքը։ Չնայած դրան, Հայոց ցեղասպանությունը ճանաչված է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների կողմից։ Դա պատահական չէ, դա հայկական սփյուռքի, արհավիրքից փրկվածների աշխատանքի շնորհիվ է»,- ասված է հայտարարության մեջ։
Տեքստի հեղինակները երախտագիտությամբ են արձանագրել այն իրողությունը, որ հիշյալ պետություններից է նաև Արգենտինան, միակը, որտեղ իշխանության երեք թևերը միահամուռ կերպով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը նաև տեղի հայ համայնքը կազմող կառույցների աշխատանքի ու պայքարի արդյունքն է։
«Այս ապրիլի 24-ն առաջինն է, երբ Արցախում հայ չկա։ Թուրքիայի կառավարության նպատակը մնում է նույնը։ Ողբերգությունն Արցախում էթնիկ զտումներով չավարտվեց։ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները գնում են Հայաստանի հետևից։ Հարավում նրանք արդեն ներխուժել են և ցանկանում են իրականացնել պանթուրքական երազանքը։ Նորից կրկնում ենք, որ հայ ժողովուրդը վտանգի տակ է։ Ցեղասպանության ժխտումը հանգեցնում է նոր ցեղասպանության։ Ագրեսիայի, լոբբիստական և ժխտողական քաղաքականության պայմաններում մեր պատասխանը պետք է լինի կազմակերպվածությունը, մեր տարածքների հզորացումը: Մենք բոլոր ոլորտներում պետք է դատապարտենք ու բարձրաձայնենք, որ Ադրբեջանը գերության մեջ է պահում արցախցի հայերին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, պետական պաշտոնյաների, նախկին նախագահների, ինքնապաշտպանության բանակի գեներալների։ Մենք պետք է պահանջենք, որ հարյուր հազարից ավելի արցախահայերը կարողանան վերադառնալ և ապրել իրենց պապենական տարածքներում։ Մենք պետք է խոսենք այդ մասին և այդ քննարկումն ունենանք մեր դպրոցներում, մեր բուհերում և մեր աշխատավայրերում»,- նշել են հայտարարության հեղինակները։