ՀԲԸՄ-ն մտահոգված է, որ Հայաստանն արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն

02 Հունիսի 2023, 11:45

Կարծիք

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մայիսի 29-ին հայտարարություն է տարածել՝ մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։

«Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ՝ շարունակելու տարածաշրջանային խաղաղության համաձայնագրի ապահովման գործընթացի առաջմղումը։

Վկայակոչելով Արցախի քաղաքացիներին «իրենց անվտանգության և իրավունքների երաշխավորումը» հնարավոր դարձնելու իր հիմնավորումը՝ Հայաստանը նշել է, որ մտադիր է պաշտոնապես ընդունել, որ Ադրբեջանն ունի ինքնիշխանություն Արցախի ժողովրդի նկատմամբ»,- պարզաբանել է ՀԲԸՄ-ն։

Միությունն, ինչպես և աշխարհի շատ հայեր, մերժում է այս հայտարարությունների վավերականությունը:

«Թեև ողջ հայությունը ցանկանում է կայունություն, խաղաղություն և անվտանգություն Հայաստանի և տարածաշրջանի համար, մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանը արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն, որը սահմաններ չի ճանաչում, որպեսզի հասնի իր երկակի նպատակին՝ բնաջնջել հայությանը և, ի վերջո, հեգեմոնիա ձեռք բերել տարածաշրջանում, ինչը վտանգի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի այն պնդումը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տրվի կանգնել Արցախի ժողովրդի նկատմամբ իր նպատակների ճանապարհին՝ ցույց տալով, որ Արցախում շրջափակումները, ահաբեկչությունը և մշակութային ցեղասպանությունը լինելու են նրա խաղի կանոնները»։

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է նաև, որ այս հակամարտության վերջին 30 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք ազնիվ բանակցող չի եղել։

«Այն չի ենթարկվել Արցախի ժողովրդի նկատմամբ որևէ պայմանագրի, կոնվենցիայի, համաձայնագրի կամ միջազգային իրավունքի։

Իլհամ Ալիևի անողոք հրապարակային հակահայկական հռետորաբանությունը, հայկական քաղաքացիական համայնքների դեմ չգրգռված ռազմական հարձակումները և Արցախում հազարավոր հայերի զրկանքը անխիղճ տնտեսական շրջափակման միջոցով բավարար ապացույց են:

Մենք գիտենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին դատարկ կտրոն տալուն՝ անպատիժ կերպով Արցախն արմատախիլ անելու իր առաքելությունը ավարտելու համար։

30 տարի շարունակ Արցախի ժողովուրդը փորձել է իրացնել իր ինքնորոշման իրավունքը, որը սահմանված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության երկրորդ հոդվածում և ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում։

Ինքնորոշումը գործողության միակ ընդունելի ուղին է, և համաշխարհային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այս գործընթացը վերջնականապես իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

ՀԲԸՄ-ն կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն էթնիկ զտումների Ադրբեջանի կողմից, որը հետևողականորեն խախտում է համաձայնագիրը։