Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են

07 Մայիսի 2024, 09:50

Քաղաքականություն

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, NEWS.am-ին հայտնեցին Կիրանցի բնակիչները:

«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք: Հիմա հավաքվել ենք գյուղի մեջ, հետևում ենք աշխատանքներին, բայց ոստիկանները գյուղացիներից շատ են»,-ասաց գյուղի բնակիչներից մեկը:

«Գյուղը չէինք կարող անտեր թողնել, մեր երեխեքին ո՞նց մենակ թողնեինք»,-ասաց նա` պարզաբանելով, թե ինչու՞ գյուղի մի մասը դեպի Երևան երթին չի մասնակցում:

Կիրանցիների խոսքով, թեև գյուղում իրավիճակը դեպի դրականը չի փոխվել, ծնողներն արդեն երեխաներին դպրոց են ուղարկում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Իսկ

Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:

Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։

Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։