Փաշինյանը՝ Հայաստանում ռուսական հեռուստածրագրերի հեռարձակումը դադարեցնելու մասին
07 Մայիսի 2024, 15:00
Մենք ակնկալում ենք, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները ՀՀ-ի քաղաքացիների և ՀՀ պետական կարգը հարգեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ անհավանական բան չենք ուզում։ Չեմ պատկերացնում, որ նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է ՀՀ-ում հաստատված պետական կարգի, կառավարության մասին, կամ դրա 5 տոկոսի չափով, ու շարունակի ՌԴ-ում եթերը։ Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է։ Հիմա մենք խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի և նրա շահերի նկատմամբ։ Հաշվի առնելով նաև մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել։ Եվ եթե յոթերորդ անգամից հետո էլ այդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք է անջատվեն և այդ բոլոր հեռուստաալիքները ՀՀ-ում պետք է չհեռարձակվեն»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառվում է, որ այդ հեռուստաալիքները շարունակեն ՀՀ-ում հեռարձակվել։