Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ Սրբազան

09 Մայիսի 2024, 19:25

Քաղաքականություն

Մենք այն չվախեցող ժողովուրդն ենք, որը պատրաստ է յուրաքանչյուր պահի սխրանքներ գործելու: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր Տերը հետևյալն է ասում՝ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը: Դրա համար էլ ասում եմ՝ մենք ոչնչից վախենալու պատճառ չունենք: Մենք միայն ինքներս մեզ խաբելուց պետք է վախենանք: Բայց մենք այն չվախեցող ժողովուրդն ենք, որը պատրաստ է յուրաքանչյուր պահի սխրանքներ գործելու: Շնորհավոր բոլորիս Համբարձման տոնը: Մայիսի 9-ը մեր կյանքի կարևորագույն օրերից է, և Աստված այնպես արեց, որ գանք հենց այսօրը հասնենք Երևան: Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի: Ես միշտ ասում եմ՝ ինչպես է լինում, որ այսքան կարողություններով, պայծառ հայ մարդիկ շատ են, բայց մեր երկիրը խեղճ է, աղքատ: Մենք պետք է նպատակ դնենք անվտանգային ամբողջ համակարգը փոխելու, խնդիրներ լուծող բանակ ստեղծելու և մենք կարող ենք անել այս ամենը, ուղղակի խլվել է դա մեզնից»,- ասաց Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Օրեր շարունակ սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Տավուշցիները դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։