Մեր ազգը մեծ գինը է վճարում, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան
10 Մայիսի 2024, 21:32
Քաղաքական լեգիտիմությունը նման է այն լեգիտիմությանը, որով օժտված է ամուսնական զույգը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Լեգիտիմությունը հենց քաղաքական,քաղաքագիտականն իմաստով նման է այն լեգիտիմությանը, որով օժտված է ամուսնական զույգը։ Կա երկու տիպի լեգիտիմություն․ մեկը զագսի թուղթն է։ Մարդիկ գնում են զագս ու ձևակերպում են ամուսնություն։ Դա օրինական տեսանկյունից, բայց այդ ամենը սկսում է զգացմունքից։ Մարդիկ իրար սիրում են, որոշում են ամուսնանալ, հետո գնում են զագս։ Պատեկրացրեք՝ այդ ամուսինները վաղուց իրար հետ չեն ապրում, ոչ մի զգացմունք չկա, նույնիսկ մեկին դուրս են հանել տնից, բայց այդ մեկը զագսի թուղթը անընդհատ թափ է տալիս ու ասում՝ մենք լեգիտիմ ենք, օրինական ամուսիններ ենք, ինչ ասեմ, այդպես պիտի լինի, որովհետև մենք լեգիտիմ ենք։ Քաղաքական լեգիտիմությունը նույն կերպ կարող է կոչվել, ոնց կոչվում է այդ լեգիտիմությունը ընտանիքում»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը բարիք չի բերում ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին։
«Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ինքն իր համար է իշխանություն, այսինքն՝ որից ոչ մի սպասում չկա, որը ոչ մի նոր օրակարգ չի առաջարկում՝ բացի կորուստների օրակարգից։Մենք գործ ունենք իշխանության հետ, ոնը ինքնանպատակ կառավարում է իրականացնում՝ բարիք չբերելով ոչ պետությանը, ոչ ժողովրդին։ Ամենավատն այն է՝ ոչ մի զգացմունք այլևս չկա ոչ Սփյուռքի, ոչ ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու, ոչ ժողովրդի մեծամասնության, ոչ քաղաքական դաշտի, ոչ միջազգային գործընկերների կողմից՝ բացի թշնամի Ադրբեջանի ու հակառակորդ Թուրքիայի կողմից։ Մի իրավիճակում ենք, երբ իշխանությունն ինքն իր համար է իշխանություն»,- ասել է մեր զրուցակիցը։
Սողոմոնյանը նաև անդրադարձել է նախօրեին ՔՊ-ականների սկսած ֆեյսբուքյան ֆլեշմոբին։
«Ֆլեշմոբ են սկսում, նկար են տեղադրում ու գրում՝ ՀՀ լեգիտիմ վարչապետ։ Այսինքն՝ զագսի թուղթն են ցույց տալիս, ինչպես ասում են՝ հորս արև, ինքը վարչապետն է, ուրիշ ասելիք չկա, թե լավն է, այս գործն է անում, այն գործն է անում, այսպիսի փոփոխություններ ենք բերում։ Արդեն տևական ժամանակ է՝ ինչ մենք մեծ գին ենք վճարում որպես ժողովուրդ, որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանը։